Մի անգամ Եմենի տիրակալը հրաման արձակեց. «Անհրաժեշտ է, որ երկրում ավելի շատ կրթված մարդիկ լինեն։ Ոչ միայն կարդալ, գրել կամ հաշվել իմանան, այլև զարգացած լինեն աստվածաբանության, ճարտասանության, փիլիսոփայության ասպարեզում, որպեսզի պետությունը հետամնաց չլինի»։
Եվ քանի որ այդպիսի հրաման կար, մի շեյխ ցանկացավ , որ իր չափահաս որդին սովորի: Հայրը, որը սովորական, բայց հարգված մարդ էր, որոշեց չհակառակվել ոչ իշխանություններին, ոչ էլ որդուն, և վերջինիս ուղարկեց քաղաք, օգնեց նրան, ինչքան կարող է, չնայած այնքան էլ իմաստ չէր տեսնում այդ ուսման մեջ: Ըստ նրա` տղամարդու իսկական գործը դաշույնին և հրացանին տիրապետելը, ուղտով արշավելը և սուրճ աճեցնելն է:
Երեք տարի անց` որդին` որպես գիտնական, վերադարձավ հայրենի գյուղ: Հայրը նրան դիմավորեց դռան շեմին, ուղեկցեց պատվավոր հյուրերի սենյակը, իսկ այնտեղ` սկուտեղի վրա, տապակած հավից գոլորշի էր բարձրանում։
-Դե, պատմիր տղաս,- հարցրեց հայրը,- ի՞նչ գիտելիքներ ձեռք բերեցիր։
-Ես փիլիսոփա դարձա, -պատասխանեց որդին, — ուզու՞մ ես, ես քեզ ցույց տամ իմ արվեստը. ապացուցեմ, որ սկուտեղի վրա ոչ թե մեկ հավ է, այլ` երկու։
-Դե ինչ, -ասաց հայրը, -սկսիր, իսկ երբ վերջացնես, ես կուտեմ այս հավը, իսկ դու`մյուսը։
Թարգմանությունը`Անահիտ Գաբրիելյանի, 1-2 կուրս
Աղբյուրը