Գլխարկների անձրև Միլանում

                                                Ջանի Ռոդարի

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ.
— Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:
— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:
— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:
— Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին:
— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…
Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…
Հաշվետար Բյանկինիի և այն պարոնի կողքին, որը բախվել էր նրան, շատ ուրիշ անցորդներ կանգ առան: Բոլորը գլուխները բարձրացրած նայում էին երկնքին. և՛ հացաբուլկեղենի խանութի տղան, և՛ երթևեկությունը կարգավորող ոստիկանը, որը կանգնում էր Մանձոնի և Մոնտենապոլեոնե փողոցների խաչմերուկում, և՛ տասնութ համարի տրամվայի վարորդը, և՛ տասնվեց համարի տրամվայի վարորդը, և՛ նույնիսկ առաջին համարինը…
Վագոնավարները դուրս էին եկել և նույնպես նայում էին երկինք, ուղևորներն էլ  դուրս եկան և բոլորը սկսեցին խոսել իրենց տպավորությունների մասին
– Ա՜յ քեզ հրաշք:
– Չլսված բան է:
– Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա: Հավանաբար էլի Զատկի տորթ են գովազդում:
– Բայց ի՞նչ կապ ունի Զատկի տորթը:
– Դե, ուրեմն, պանիր են գովազդում:
– Դե, վերջ տվեք: Ձեր մտքում միայն ուտելիքներ են: Իսկ գլխարկները, որքան գիտեմ, դեռևս ուտելի չեն:
– Ինչ է, սրանք իսկապե՞ս գլխարկներ են:
– Ոչ, հեծանիվի զանգեր են: Մի՞թե չեք տեսնում՝ ինչ են:
–  Ոնց որ թե գլխարկներ են: Գլխարկներ, որ գլխին են դնում:
–  Իսկ դուք, հետաքրքիր է, որտե՞ղ եք դնում ձեր գլխարկը, քթի՞ն:
Շուտով քննարկումներն ավարտվեցին: Գլխարկները վայրէջք կատարեցին մայթերին, փողոցներին, ավտոմեքենաների վրա, մի քանիսը տրամվայների պատուհաններից ներս թռան, մյուսներն ընկան ուղիղ խանութ: Մարդիկ վերցնում էին դրանք ու փորձում:
–  Սա մեծ է:
– Փորձեք սա, սինյոր Բյանկինի:
– Բայց սա կանացի գլխարկ է:
– Իսկ դուք այն ձեր կնոջ համար տարեք:
– Հետո դիմակահանդեսի ժամանակ կդնեք:
– Ճիշտ եք ասում, կանացի գլխարկով հո գրասենյակ չե՞մ գնա…
– Ինձ կտա՞ք այն մեկը, խնդրում եմ, դա տատիկիս կսազի:
– Իմ զարմիկի քրոջն էլ լավ կլինի:
– Բայց ես առաջինն եմ վերցրել:
– Ո՛չ, ե՛ս եմ առաջինը վերցրել:
Ոմանք միանգամից երեք-չորս գլխարկ էին վերցրել՝ ողջ ընտանիքի համար: Եվ որքան շատ էին մարդիկ հավաքում գլխարկները, այնքան ավելի շատ էր թափվում երկնքից: Գլխարկները ծածկել էին փողոցներն ու մայթերը,  լցվել էին պատշգամբներն ու ծածկել տանիքները: Կլոր գլխարկներ, բերետներ, լայնեզր սոմբրերոներ, կովբոյական, սրածայր, կլոր, ժապավենավոր, անժապավեն… Հաշվետար Բյանկինիի ձեռքին արդեն տասնյոթ գլխարկ կար, բայց դեռ չէր կողմնորոշվում. հեռանա՞, թե՞ ոչ:
– Ախր, գլխարկների անձրև հո ամեն օր չի՞ գա,- մտածում էր նա։- Պետք է օգտվել առիթից: Կարելի է պահել ամբողջ կյանքի համար, մանավանդ որ գլուխս այլևս չի մեծանալու…
–Հա, բայց կարող է փոքրանալ:
– Ինչպե՞ս թե փոքրանալ, ի՞նչ եք ակնարկում: Խե՞լքս է պակասելու, ի՞նչ է։
– Դե լավ, մի՛ նեղացեք: Ավելի լավ է վերցրեք այս գեղեցիկ անհովհար գլխարկը:
Իսկ գլխարկներն  անվերջ թափվում էին երկնքից… Մեկն ուղիղ իջավ երթևեկությունը կարգավորող ոստիկանի գլխին։ Նա արդեն չէր էլ կարգավորում փողոցային երթևեկությունը, քանի որ գլխարկներն իջնում էին ուր ասես։ Այս մեկը գեներալական գլխարկ էր, և բոլորը մտածեցին, որ սա բարի կանխանշան է, և որ ոստիկանի պաշտոնը շուտով կբարձրացնեն։
Իսկ հետո՞:
Առաջին ավարտ
Մի քանի ժամ անց, Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում վայրէջք կատարեց իտալական  «Ալիտալիա» ընկերության մի հսկա օդանավ: Նա շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարել, որպեսզի գլխարկների ամենատարբեր տեսակներ հավաքի անսովոր միջազգային ցուցահանդեսի համար, որը տեղի էր ունենալու այստեղ:
Թանկարժեք բեռը դիմավորելու էր եկել անձամբ քաղաքապետը: Քաղաքի նվագախումբը  նվագեց հիմնը՝ «Օ՜ գլխարկ, գլխարկ, դու գլխի զարդ», որը հատուկ այս հանդիսության համար գրել էր  Յոհան Սեբաստիան Լյուդովիկ Բախլեյնը:
Չէին հասցրել մինչև վերջ նվագել հիմնը, երբ  պարզվեց, որ օդանավը բերել էր միայն… ինքնաթիռի  հրամանատարի և անձնակազմի  անդամների գլխարկները:
Պարզվեց, որ օդաչուն սխալմամբ գովազդային թռուցիկների և պաստառների  փոխարեն գլխարկներն էր նետել Միլանի վրա: Հենց դա էր Լոմբարդիի մայրաքաղաքի վրա գլխարկների տեղատարափի պատճառը։ Իսկ նման անփութություն թույլ տված օդաչուն խստորեն պատժվեց. նրան պարտադրեցին ամբողջ կես տարի օդանավերը վարել առանց գլխարկի։
Երկրորդ ավարտ
Այդ օրը երկնքից գլխարկներ թափվեցին:
Հաջորդ օրը՝ անձրևանոցներ:
Իսկ երրորդ օրը՝ շոկոլադե կոնֆետների տուփեր: Հետո թափվեցին սառնարաններ, լվացքի մեքենաներ, նվագարկիչներ, արգանակի խորհանարդիկների տուփեր՝ ամենքում  հարյուր հատ, փողկապներ, խմորեղեններ, լցոնած հնդկահավեր: Ի վերջո թափվեցին ամանորյա տոնածառեր՝ զանազան նվերներով… Քաղաքը պարզապես ծածկվել էր ամենատարբեր իրերով։ Տները մինչև առաստաղ լեփ-լեցուն էին դրանցով։ Իսկ առևտրականների գործերն էլ վատ էին, քանի որ խափանվում էին գրպանները լցնելու նրանց պլանները։
Երրորդ ավարտ
Գլխարկների անձրևը տևեց մինչև ժամը չորսը: Այդ ընթացքում Միլանի նշանավոր տաճարի հրապարակում գլխարկների բլուրը հուշարձանից վեր էր բարձրացել։ Ցուցասրահի մուտքը փակել էր ծղոտե գլխարկների պատը։ Իսկ հետո, ժամը ուղիղ չորսն անց մեկ րոպե ուժեղ քամի բարձրացավ, և գլխարկները սկսեցին գլորվել քաղաքի փողոցներով։ Գնալով ավելի ու ավելի արագ էին գլորվում գլխարկները, հետո վեր բարձրացան, մի քանիսը նույնիսկ խճճվեցին տրամվայի էլեկտրական լարերի մեջ։
– Թռչո՜ւմ են, թռչո՜ւմ են,- բղավում էին մարդիկ,- բայց ինչո՞ւ։
– Հավանաբար հիմա էլ Հռո՞մ կթռչեն։
– Ի՞նչ գիտեք, չլինի՞ գլխարկներն իրենք ձեզ ասացին։
– Ի՞նչ Հռոմ, տեսե՛ք, Կոմո լճի կողմն են թռչում։
Գլխարկները ծիծեռնակների հսկա երամի նման բարձրացան անցորդների գլխներից վեր, տների տանիքներից վեր և թռան, հեռացան։ Եվ ոչ մեկն այդպես էլ չիմացավ, թե նրանք ուր գնացին, քանի որ նրանք չընկան ո՛չ Կոմոյի, ո՛չ էլ Բուստո Արիսիցիոյի վրա։ Իսկ միլանցի գլխարկավաճառները թեթևացած շունչ քաշեցին, քանի որ դա իրենց համար սև օր էր։
Հեքիաթի, որ ավարտն է դուր գալիս հեղինակին
Առաջին ավարտը շատ պարզունակ է, իսկ երկրորդը՝ չափազանց խորհրդավոր։ Երրորդ ավարտը, թերևս, վատը չէ, միայն թե պարզ չէ, թե ինչ պատճառով եկավ գլխարկների այդ անձրևը։ Իսկ գուցե պետք էլ չէ՞ բացատրել։ Չէ՞ որ երկնքից թափվող այդ գլխարկներն այնքան զվարճալի են, որ ակամա հույս ես տածում, որ երկնքից այլ՝ ավելի վտանգավոր բաներ չեն թափվի, օրինակ՝ ռումբեր և արկեր…

Թարգմանությունը՝ թարգմանիչ գործավարների խմբի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s