Ամենից գլխավորը

Կար-չկար մի թագավոր կար, ողջ կյանքում նրան երեք հարց էր տանջում` ո՞րն է ամենից գլխավոր ժամանակը, ո՞րն է ամենից  գլխավոր գործը, ո՞վ է ամենից գլխավոր մարդը:
Նա մտածում էր. «Եթե  իմանամ  այս երեք հարցի պատասխանը, ամբողջ աշխարհը կնվաճեմ, ինչ ուզեմ, կիրականացնեմ, և բոլորն ինձ ամենաիմաստուն մարդը կհամարեն»:
Թագավորի մոտ անթիվ-անհամար  մարդիկ, մեծ խումբ գիտնական այրեր եկան-գնացին , բայց ոչ ոք այդպես էլ չպատասխանեց այդ երեք հարցերին: Թագավորի ականջին է հասնում, որ հեռավոր վայրում մի ճգնավոր է ապրում, որը հայտնի է իր իմաստնությամբ : Թագավորը ձի է հեծնում  և անձամբ գնում է նրան փնտրելու: Գնում է նա անտառի թավուտով և տեսնում է մի հյուղակ, որի  կողքին մի զառամյալ ծերուկ քաղհան է անում: Ծերուկը հոգնածությունից արդեն տապալվում է, բայց բրիչը ձեռքից բաց չի թողնում: Թագավորը իջնում է ձիուց, մոտենում է և խոնարհվում  ծերուկին.
-Քեզ մոտ եմ եկել, որ երեք հարցերիս պատասխանը ստանամ.  ո՞րն է ամենից գլխավոր ժամանակը, ո՞վ է ամենից գլխավոր մարդը, և ո՞րն է ամենից գլխավոր գործը:
Լսում է նրան ճգնավորը, ոչինչ չի պատասխանում. Շարունակում է աշխատել:
-Դու պետք է որ հոգնած լինես, թող օգնեմ քեզ,- առաջարկում է թագավորը:
Վերցնում է ճգնավորի ձեռքից բրիչը և սկսում աշխատել: Դարձյալ տալիս է իր երեք հարցը, սակայն ճգնավորը կրկին չի պատասխանում, միայն ասում է, որ իր բրիչը վերադարձնի, բայց թագավորը նրան լսել չի ուզում, բրիչը չի տալիս. որոշում է  գործը մինչև վերջ անել:
Հանկարծ տեսնում է, որ մոտենում է մի մարդ` դեմքն ամբողջովին վերքերով ու արյունոտ, թագավորը կանգնեցնում է  նրան, բարի խոսքերով մխիթարում , առվակից ջուր բերում, լվանում  ու կապում վերքերը, վիրավորին խմելու ջուր տալիս,  հետո  տանում հյուղակ և պառկեցնում, ինքն էլ պառկում է  քնելու, չէ որ արդեն գիշեր է:
Առավոտյան նորից գնում է ճգնավորի մոտ և տեսնում, որ նա սերմեր է ցանում այն հողում, որը երեկ փխրեցրել էր:
-Իմաստուն ճգնավոր,- դիմում է նրան թագավորը,-  այդպես էլ չե՞ս պատասխանում իմ հարցերին:
-Հերիք է,- ասում է  ճգնավորը,- դու դրանց արդեն ինքդ պատասխանել ես:
-Բայց ես ոչ մի պատասխան էլ չեմ տվել,-զարմանում է թագավորը:
-Դու, տեսնելով իմ ծերությունն ու հիվանդությունը, օգնության ձեռք մեկնեցիր: Եթե երեկ գիշերը այստեղ չմնայիր, այն ավազակները, որոնք այն ճանապարհորդի դեմքն այլանդակել էին, ճանապարհին քեզ կսպանեին:
Թագավորը զարմանքից բառ ասել չի կարողանում, իսկ ճգնավորը շարունակում է.
-Ամենագլխավոր ժամանակը այն է, երբ դու քաղհանում էիր ու օգնում ինձ: Այդ ժամանակ ամենից գլխավոր մարդը ես էի, ում դու օգնեցիր, ու քո օգնությունը ամենից գլխավոր  գործն էր, բայց երբ եկավ այն վիրավորը, նա դարձավ ամենից գլխավոր մարդը, իսկ քո օգնությունը նրան` ամենից գլխավոր գործը:
Թագավորը քիչ-քիչ  հասկանում է ճգնավորի խոսքերի իմաստը:
-Հիշի՛ր- ասում է ճգնավորը,- ամենից գլխավոր  ժամանակը այսօրն է, ամենից գլխավոր մարդը  նա է, ով այդ պահին կողքիդ է: Իսկ ամենից գլխավոր գործը` բարություն անել նրան, ով կողքիդ է, որովհետև մենք հենց դրա համար էլ ծնված ենք:
Լռում է ճգնավորը, շարունակում ցանել սերմը, իսկ թագավորը հեծնում է նժույգը և հեռանում : Նա ողջ կյանքի ընթացքում հիշում է ճգնավորի ողջերթի խոսքը, և մեծահոգության և արդարության մասին այդ թագավորի  խոսքերը տարածվում են  ողջ աշխարհում:
Թարգմանությունը` Մարիամ Տեր-Գալստյանի:
Աղբյուրը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s