ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ջաննի Ռոդարի

Մի անգամ երեկոյան սինյոր Վերուչին աշխատանքից վերադառնում էր տուն։ Նա ծառայող էր և աշխատում էր, եթե չեմ սխալվում, փոստատանը։ Սակայն նա կարող էր նաև ատամնաբույժ լինել կամ՝ ինժեներ։ Մենք կարող ենք նրա համար ցանկացած մասնագիտություն պատկերացնել։ Կարո՞ղ ենք, օրինակ, նրան բեղերով ու մորուքով պատկերացնել։ Հրաշալի է, թող ուրեմն բեղերով և մորուքով լինի։ Իսկ հիմա փորձենք երևակայել, թե ինչպես է նա հագնվում, ինչպիսին է նրա քայլվածքը, ինչպես է խոսում։ Հիմա նա քթի տակ ինքն իրեն ինչ-որ բան է խոսում։ Եկեք թաքուն լսենք։
— Տո՛ւն, վերջապես տուն եմ գնում։ «Հարազատ տուն, երջանիկ կացարան, համեստ, խաղաղ, թանկագին…» Էլ չե՛մ կարող։ Այնքա՜ն եմ հոգնել։ Ամբողջ օրը վազվզոց է, շուրջբոլորն այնքան ժողովուրդ կա, փողոցում՝ ամբոխ, մեքենաների անընդհատ հոսք… Հիմա կգնամ, կփակեմ դուռը, տիկնայք և պարոնայք, և՝ հաջողություն բոլորիդ։ Այլևս ձեզ չեմ տեսնի։ Տանս շեմից ներս կմտնեմ և ամբողջ աշխարհը կմնա դռներից այն կողմ… Էդ մեկը որ դեռևս կարող եմ անել… Ահա այսպես։ Վերջապես ես մենակ եմ… Հրաշալի է… Նախ և առաջ՝ կորչի՜ այս փողկապը… Հիմա կոշիկները դեն կնետենք… Կմիացնենք հեռուստացույցը… Հետո կնստենք բազկաթոռին, ոտքերը կդնենք փոքրիկ աթոռակին, ծխախոտը կվերցնենք… Վե՛րջ, հիմա ինձ լավ եմ զգում, իսկ որ ամենակարևորն է՝ վերջապե՜ս մենակ եմ… Ես … Իսկ դո՞ւք ով եք… Որտեղի՞ց հայտնվեցիք։
Սինյոր Վերուչիին մեղմ ժպտում էր մի սիրունիկ սինյորինա։ Մի վայրկյան առաջ նա դեռևս սենյակում չէր, իսկ հիմա նստել էր իր դիմաց՝ բազմոցին, և ժպտալով ուղղում էր հուլունքները։
— Չե՞ք ճանաչում։ Ես հաղորդավարուհին եմ։ Դուք միացրիք հեռուստացույցը և ահա ես այստեղ եմ։ Հիմա ձեզ վերջին նորությունները կհաղորդեմ։
Սինյոր Վերուչին զայրացավ.
— Ամոթ ունեցեք։ Դուք ոչ թե հեռուստացույցի էկրանին եք, ինչպես որ պիտի լիներ, այլ իմ տանը, և նստել եք իմ բազմոցին։
— Բայց, ախր, ի՞նչ տարբերություն։ Երբ ես հեռուստացույցի էկրանին եմ լինում, միևնույնն է, դարձյալ ձեր տանն եմ, և ձեզ հետ եմ խոսում…
— Բայց ինչպե՞ս այստեղ հայտնվեցիք։ Ես նույնիսկ չնկատեցի… Դուք, ի՞նչ է, ինձանից թաքո՞ւն տուն մտաք։
— Չարժե դրա վրա գլուխ կոտրել… Դե ինչ, ձեզ հետաքրքրո՞ւմ են վերջին նորությունները։
Սինյոր Վերուչին համակերպվեց.

— Դա, իհարկե, այնքան էլ համոզիչ չէ… բայց… Ինչպես կուզեք…
Սիրունիկ սինյորինան կոկորդը մաքրեց և սկսեց։
— Եվ այսպես. «Ողջ Անգլիայում շարունակում են փնտրել «Ռիդինգ» բանտից փախած վտանգավոր ավազակին։ Ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ իր կարծիքով հանցագործը թաքնվել է անտառում։
Այդ պահին սինյոր Վերուչին մի ձայն լսեց, որը գալիս էր ո՛չ հեռուստացույցից, ո՛չ էլ հաղորդավարից, այլ՝ իր թիկունքից։ Ձայնն ասաց։
— Հիմարությո՛ւն։
— Իսկ սա՞ ով է,- տեղից վեր թռավ սինյոր Վերուչին։
— Ախր սա հենց ավազակն է,- բացականչեց հաղորդավարուհին՝ տեղից չշարժվելով։- Տեսե՛ք, նա ձեր բազկաթոռի հետևում է թաքնվել։
— Հիմարությո՛ւն,- կրկնեց ձայնը,- էդ էր մնացել, որ ձեզ ասեմ, թե որտեղ եմ թաքնվում…
Սինյոր Վերուչին վեր թռավ տեղից, նայեց այն կողմ, որտեղից ձայնն էր գալիս, և փրփրեց.
— Ինչպե՞ս եք համարձակվում։ Տեսե՛ք, նույնիսկ զինված է։ Ավազակն իմ տանն է։ Գժվե՜լ կարելի է։
— Բայց դուք ինքներդ եք ինձ հրավիրել,- ասաց ավազակը՝ դուրս գալով թաքստոցից։
— Ե՞ս։ Լա՜վ էլ հորինել եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես ավազակին տուն եմ հրավիրում՝ միասին մի գավաթ խմելու…
— Ի դեպ, ես չէի հրաժարվի։
— Ինչի՞ց։
— Մի գավաթից։
— Ախր դուք ոչ միայն ավազակ եք, այլ նաև՝ անպատկառ։ Նախ, ես հայտարարում եմ, որ Ձեզ չեմ ճանաչում ։ Երկրորդ, Դուք հայտնվել եք այստեղ հակառակ իմ ցանկության։ Դո՛ւք, սինորի՛նա, դրա վկան եք։
— Ո՛չ, սինյոր Վերուչի,- պատասխանեց հաղորդավարուհին,- ես չեմ կարող վկա լինել, որքան էլ մեծ լինի ձեր ցանկությունը։ Ախր, դուք ինքներդ միացրիք հեռուստացույցը։
— Ահա թե ի՜նչ, ուրեմն այս ավազակը նույնպե՞ս…
— Իհա՛րկե, նա նույնպես ձեր տանն է հայտնվել հեռուստացույցից, ինչպես և ես։
— Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
— Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր տանը։
Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և ինչ ուզում՝ անում են…
— Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։
— Իսկ ե՞ս ինչ անեմ, շարունակե՞մ նորությունները հաղորդել,- հարցրեց հաղորդավարուհին։
Եվ սինյոր Վերուչին պատասխանեց.
— Իսկ ինչու չէ, ինձ համար նույնիսկ հետաքրքիր է, թե ինչո՞վ է ավարտվելու այս պատմությունը։
Եվ սինյորինան սկսեց կարդալ հաղորդավարի անտարբեր ձայնով. «Իմաստաբանական զորքերի հրամանատար գեներալ Բոլոն , հայտարարել է, որ նորից պատերազմական գործողություններ է սկսելու Պլանավիա հանրապետության դեմ, և որ պատերազմը կավարտվի Նոր տարուց ոչ շուտ»։
— Դա այնքան էլ ճիշտ չէ,- ընդհատեց նրան ինչ-որ ձայն, և զգեստապահարանի դուռը թափով բացվեց։
Սինյոր Վերուչին ցնցվեց.
-Ի՞նչ։ Հա՛, հասկացա․․․Գեներալ Բոլոն եք, չէ՞։ Իսկ ի՞նչ էիք անում իմ պահարանում։
— Դժվար թե դա ձեզ հետաքրքրի ,- հանգիստ պատասխանեց գեներալը։
— Այնումենայնիվ, ես ուզում եմ իմանալ,- համառորեն շարունակեց սինյոր Վերուչին,- ի՞նչ էիք այնտեղ անում։ Ռումբե՞ր։ Ռումբեր ի՛մ պահարանում… և ի՛մ բնակարանում։ Բայց, ասացե՛ք, ես ի՞նչ կապ ունեմ ձեր պատերազմի հետ։
-Իմ գործը, թանկագին սինյոր,- ասաց գեներալ Բոլոն,- իմաստաբանական զորքերը ղեկավարելը և Պլանավիայի տարածքը գրավելն է, ոչ թե ձեր հարցերին պատասխանելը։ Ես եկել եմ ասելու սինյորինային, որ իմ հայտարարությունը ճիշտ չի հաղորդվել։ Ես այսպես եմ ասել. «Պատերազմը կավարտվի մինչև Նոր տարի, քանի որ ես կոչնչացնեմ բոլորին, բոլոր պլանավիացիներին՝ մինչև վերջին մարդը, երկրի երեսից կջնջեմ նրանց քաղաքները, նրանց երկիրը անապատ կդարձնեմ։ Այստեղ խոսակցությանը ցանկացավ միջամտել ավազակը.
— Չէ՛, դուք միայն լսեք նրան։ Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ծրագրեր։ Իսկ ինձ՝ խեղճ գողիս, Անգլիայով մեկ հետապնդում են։ Ես, այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե մեզանից ո՞ր մեկն է իսկական ավազակը…
— Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․
Բայց այդ ընթացքում, երբ հեռուստատեսության հաղորդավարուհին վերջին նորություն­ներն էր կարդում, հանգստանալ երազող սինյոր Վերուչիիի բնակարանը լցվեց տարբեր տեսակի մարդկանցով։ Այստեղ հայտնվեցին քաղցից ուժասպառ ինչ-որ մարդիկ, զորավարժություններից տանջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու, որը պատրաստվում էր ռումբեր նետել… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի պայթյուններին և տանկերի դղրդոցին։
— Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։ — Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։ Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։

 ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏ
Հանկարծ լսվեց դռան զանգի ձայնը։
— Ո՞վ է։
— Բացե՛ք
Փա՜ռք Աստծո, կարաբիներներն էին։ Նրանց կանչել էր հարևանը, որն անհանգստացել էր սինյոր Վերուչիի բնակարանից լսվող ուժեղ աղմուկի ու պայթյունների ձայներից։
— Տեղներիցդ չշարժվե՛ք։ Ձեռքներդ վե՛ր։ Ցույց տվեք փաստաթղթերը։
— Շնորհակալությո՛ւն,- հանգիստ շունչ քաշեց սինյոր Վերուչին՝ փռվելով իր սիրելի բազմոցին։- Շնորհակալությո՛ւն։ Տարե՛ք նրանց բոլորին։ Ոչ մեկին չեմ ուզում տեսնել։ Սրանք բոլորը կասկածելի մարդիկ են։
— Սինյորինան նո՞ւյնպես։
— Այո՛, նա նույնպես։ Նա ոչ մի իրավունք չուներ իմ տուն բերել այս ողջ հրոսակախումբը։
— Համաձայն եմ, սինյոր Վերուչի,- ասաց կարաբիներների հրամանատարը,- դուք անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք ունեք ։ Ես բոլորին բանտ կուղարկեմ ։ Կուզե՞ք ձեզ համար սուրճ եփեմ։
— Շնորհակալությո՛ւն։ Ես ինքս։ Առանց կոֆեինի, թե չէ չեմ կարողանա քնել։

ԵՐԿՐՈՐԴ  ԱՎԱՐՏ
Հանկարծ… սինյոր Վերուչին լռեց։ Նրա գլխում մի լավ միտք ծագեց։ Ժպտալով բոլորին, ովքեր հետաքրքրությամբ իրեն էին նայում, նա կամացուկ մոտեցավ հեռուստացույցին, և, համոզվելով, որ ոչ մեկը չի կարող խանգարել իրեն, անսպասելի կտրուկ շարժումով անջատեց այն։ Առաջինն անհետացավ հաղորդավարը։ Հետո մեկը մյուսի հետևից անհետացան ավազակը, գեներալը, երգիչներն ու մարզիկները, բանակներն ու ժողովուրդները։ Ի՜նչ հեշտ էր, այնպես չէ՞։
Բավական է անջատել հեռուստացույցը, և աշխարհն իսկույն կանհետանա, կմնա մեր տան պատերից այն կողմ, կվերադառնա մեր հանգիստը…
Հաղթանակած մնալով կռվի դաշտում՝ սինյոր Վերուչին ինքն իրեն ժպտաց և վառեց ծխախոտը։

ԵՐՐՈՐԴ ԱՎԱՐՏ
Հանկարծ… սինյոր Վերուչին լռեց։
Նա հասկացա՞վ։
Այո՛, հասկացավ։
Ի՞նչ։
Որ բավական չէ դռները փակել՝ աշխարհից, մարդկանցից, նրանց հոգսերից ու խնդիրներից անջատվելու համար։ Որ ոչ մեկը չի կարող ուրախանալ, կյանքը վայելել՝ իմանալով (իսկ դրա համար բավական է միացնել հեռուստացույցը), որ դեռ կան մարդիկ, որոնց համար վատ է, որոնք տանջվում ու մահանում են, մոտիկ, թե՝ հեռու, բայց մեր ընդհանուր Երկրագնդի վրա։ Իսկ այն մեկն է բոլորիս համար, մեր ընդհանուր տունն է։

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s